Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ…

Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յարն եմ սիրում... Սերը խոսք չէ, սերը գործողություն է: Սերը գործ է, ամենօրյա աշխատանք… Ցույց տուր արարքիդ, գործողությանդ միջոցով սերը, և քեզ կհավատան, կվստահեն…
Այս քարափը, որը դուք տեսնում եք, որտեղ  «Բարեկամություն» ճամբարի հետ արվող ընդհանուր պարապմունքն էր այսօր, շատերն են հիշում՝ անմխիթար տարածություն, աղբանոց, անհեռանկար թվացող քարուքըռ: Այսօր՝ ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ… Մարդու երգել է գալիս… Այսօր սեբաստացիները իրավունք ունեն բացճակատ կանգնելու Մասիսի դիմաց և ասելու՝ «…Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»… Ակնհայտ է այդ սերը, տեսնում են մարդիկ, տեսնում և վստահում են այդ սիրուն՝ նվիրումով ու անմնացորդ… Դե,  «Ես իմ անուշ Հայաստանին» բարձրաձայնելու համար էլ պիտի իրավունք ունենաս:

Ի՞նչ է փոխանցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը «Բարեկամություն» ճամբարի իր գործընկերներին: Նախ՝ ոգին սեբաստացիական, սերը, խնամքը, հոգատարությունը շնչավորի և անշունչի նկատմամբ (անշունչի՞… ), հավատ, որ ստեղծականությունը միշտ առաջնային է, որ դրանք միջոցների հետ այնքան էլ չեն կապվում: Որ մտքի, սիրո, երևակայության շնորհիվ հնարավոր է հասնել սկզբունքային փոփոխությունների… Որ ցանկությունը լավ, ստեղծարար գործ անելու՝ նվիրում է պահանջում, և ով բախում է, բացվում է նրա համար…

 

Մանկավարժությունը վաղուց արդեն դաս-դասարանային պատերից դուրս է եկել, մտել է կյանք՝ իր բոլոր դրսևորումներով: Մեր գործընկերները ականատեսն են այդ կյանքի, մասնակիցն են դրա… Վայելք է մանկավարժությամբ զբաղվելը, իսկական հոգու հրճվանք… Եվ այսքան մարդու՝ Վրաստանից, Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից մանկավարժությունն է հավաքել սեբաստացիական հարկի տակ: Ասեք, որ երևույթ է: Ասեք, որ հուզիչ է մանկավարժությամբ զբաղվող այս հավաքանին: Մեր իրականության մեջ ինչ-որ բան, և լուրջ բան փոխվել է: Օր-օրի ավելի հետաքրքիր է դառնում մանկավարժությամբ զբաղվելը: Եվ ինչպե՞ս են մարդիկ այլ բանով զբաղվում…

Ծառ ծաղկեցավ, ճյուղ բազմեցավ…: 2 комментария

Оставьте комментарий