Մանկավարժությունն ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում

Ընտանեկան դպրոցը պարտադրեց իրեն։ Դու քո իրականացրած կրթությամբ, անկախ քո կամքից, հենց էդպես՝ ուզած-չուզած,  մտար ընտանիք։ Կամ պիտի դառնայիր մի արհեստական ելուստ՝ խրված ընտանեկան միջավայրում, որի հետ ընտանիքը չիմանար՝ ինչ աներ, կամ պիտի ձուլվեիր ընտանիքի առօրյային, քո կրթությամբ դառնայիր  նրա օրվա բաղկացուցիչն ու ինչ-որ տեղ նաև լցնեիր առօրյան։

Լա՜վ բռնվեց մեր հանրակրթությունը․․․ Պատշգամբում հարևանուհիս՝ կիրթ, մտավորական, միջին տարիքի կին, վրդովված թոռների առցանց դասերից է խոսում։
— Մի ժամ էս ի՞նչ է խոսում էս ուսուցիչը, կարելի՞ է էդքան խոսել, երեխայի ինչի՞ն է պետք էս ամեն ինչը լսելը, ախր էս ինչե՜ր են անցնում․․․ Բա խո՜սքը, բա հայերե՜նը․․․
Իսկ այս կինը երկար տարիներ է, որ ,Հայֆիլմ,, կինոստուդիայում է աշխատում։ Ես իրեն ժամերով լսում եմ, հետաքրքրում է ինձ։ Հարևանուհիս եփվում է ինքն իր մեջ, իսկ ես մտածում եմ՝ չասե՞մ  մեր առցանց հարթակ գա, սովորողներին ախր էնքա՜ն հետաքրքիր կլինի , ասենք, մուլտֆիլմերի ստեղծման մասին լսելը։

Այո, ուսուցիչը իր բառուբանով, իր հայերենով, իր առարկայի բովանդակությամբ, իր մանկավարժությամբ հայտնվեց բաց ափի մեջ։ Բացվեցին վարագույրները։ Յոթ կողպեքի տակ փակված կրթությունը դարձավ բաց, թափանցիկ, տեսանելի ու լսելի բոլորի համար։

Ոճի և ստեղծագործելու հմտությունների մասին է խոսում արձակագիր Աննա Հարությունյանը։


Ընտանեկան նախագծերը նորություն չեն մեր ուսումնական գործունեության մեջ։ Միշտ տարբեր նախագծերում կարևորել ենք ընտանիքով գործունեությունը։։ Բայց էդտեղ դժվարությւններ միշտ են եղել։ Դժվար է աշխատող ծնողին աշխատանքից հետո ներառել ուսումնական գործում։ Իր աշխատանքն ու կենցաղային հոգսը իրեն լրիվ հերիք են ժամանակային ցայտնոտում հայտնվելու համար։

Այս արտակարգ իրավիճակում ընտանեկան նախագծերը նոր շունչ ստացան։ Ընտանիքը, ինչպես երբևէ, միասին է, վերջապես՝ ընդ տանիք է։  Միասինը՝ միասին, բայց առօրյան լցնելու, զբաղմունք գտնելու, ձանձրույթը փարատելու խնդիր է առաջացել։ Եվ ընտանեկան նախագծերը դարձան ընտանիքի համար մի նոր ինքնարտահայտման, ինքնադրսևորման միջոց։ Դրանով է բացատրվում ընտանեկան նախագծերի առատությունը, հաջողությունը։
Այս նախագծերում սկսեցին ավելի ամբողջական երևալ ծնողներն իրենց նախասիրություններով, իրենց հետաքրքրություններով, աշխարհայացքով։ Ծնողական այս նախագծերի բազմազանությունից, նրանց տարբեր նյութերին լիարժեք տիրապետելու ակնհայտությունից, մասնագիտական կարողությունների բացահայտումից  առաջացավ ծնողներին ուսումնական պարապմունքներում ընդգրկելու, ներառելու գաղափարը։

Ծնող Հասմիկ Գևորգյանի հետ քննարկում ենք Սենտ Էքզյուպերիի,, Փոքր քայլերով արվեստը,,։ 

Ծնողների արագ և սիրով արձագանքը ուսումնական պարապմունքներին մասնակցելուն, դրանք վարելուն, ուսուցչի դերակատարում ստանալուն և՛ զարմացրեց, և՛ ուրախացրեց ինձ։ Անկեղծ ասած՝ չէի սպասում։  Խոսեցինք, քննարկեցինք, պայմանավորվեցինք․․․
Մեր ծնողները, ովքեր իրենց երեխաների հետ ընտանեկան նախագծեր էին արել, սիրով արեցին հաջորդ քայլը։ Ուսումնական պարապմունքների մասնակից-ուսուցիչ դարձան։
Ծանոթացեք նրանց ընտանեկան նախագծերին։

Լիլիթ Մինասյան և մայրիկ — Հովհ․ Թումանյանի ,,Կացին ախպերը,, արցախյան բարբառով։
Կարդում է Կարինե Գոմցյանի տատիկը — Հովհ․ Թումանյանի ,,Կարմիր գլխարկը,, Կապանի բարբառով։
Մանե Աբգարյան և ընտանիք — Հովհ․ Թումանյանի ,,Սուտասանը,, վարդենիսիս բարբառով։
Թիլայի մայրիկը պատմում է իր մասնագիտության մասին
Կարդում են Հայկ Պետրոսյանի մայրիկը, մորաքույրը  Ժակ Պրևեր,,Ավելի վատ,,, Սենտ Էքզյուպերի,, Փոքր քայլերի արվեստը,

Ասեմ, որ այդ ուսումնական պարապմունքները իմ սպասածից ավելին էին։ Նախ՝ ես, որ ինձ լավ բանասեր եմ համարում, երբեք չէի կարող բարբառները այդքան կենդանի, այդքան գրավիչ, այդքան հետաքրքիր ներկայացնել, որքան որ այդ արեցին մեր բարբառակիր ծնողները։ Եվ դա մի պարզ պատճառով։ Իմ՝ բարբառները ներկայացնելը, դրանց մասին խոսելը տեսական կլիներ։ Ես բարբառակիր չեմ։ Եվ չէի կարող բարբառի համուհոտ փոխանցել սովորողին։ Իսկ մեր բարբառակիր ծնողները և՛ բարբառի արտասանության զավեշտալի դեպքեր ներկայացրին, որոնք  ուրախացրին բոլորիս, և՛ խոսեցին իրենց բարբառներով, և՛ համեմատեցին իրենց բարբառները մեկը մյուսի բարբառի հետ։ Երևում էր, որ լրջորեն պատրաստվել էին իրենց երեխաների ընկերների հետ անցկացվող ուսումնական պարապմունքին, և արդյունքում էլ ունեցանք բացառիկ կենդանի ու արդյունավետ ուսումնական պարապմունք։
Մեր բարբառակիր ծնողները նաև սիրով  պատմեցին իրենց միասնական ուսումնական պարապմունքի մասին։
Կարդացեք նրանց հոդվածները։

Ընտանեկան դպրոցը կապող օղակ է — Լուսինե Ավանեսյան — Միջին դպրոցի ծնող
Ծնողը ուսուցիչ․ինքնակրթվելու ևս մի հնարավորություն— Սյուզան Սարգսյան — Արևելյան դպրոց-պարտեզի և Միջին դպրոցի ծնող

Նույնը պետք է ասեմ արևմտահայերեն ուսումնական պարապմունքի մասին։ Ես սիրում եմ և սովորողների համար հաճախ եմ կարդում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններից։ Դասարանում բոլորս ենք կարդում միմյանց համար։ Բայց արևմտահայերեն լսել  լեզվակրի ընթերցանությամբ, խոստովանեք, որ այլ հաճույք է։ Եվ ի՜նչ լավ է, որ մեր առցանց ուսումնական պարապմունքի ընթացքում մեր Թիլան և նրա մայրիկը մեզ այդ երգեցիկ լեզուն լսելու հնարավորություն տվեցին։ Սա էլ մեր ուսումնական պարապմունքը:

Մյուս ուսումնական պարապմունքները քննարկումներ էին։ Մի դեպքում սովորողները Հայկ Պետրոսյանի  մայրիկի և մորաքրոջ հետ Սենտ Էքզյուպերիի ,,Փոքր քայլերի արվեստն,, էին քննարկում, մյուս դեպքում՝  կրտսեր դպրոցի սովորողներ Էմիլի և Միքայելի արձակագիր մայրիկի հետ ոճի և կենդանի պատումի խնդիրների մասին էին խոսում։ Ավելի լա՞վ ուսուցում։ Անմիջական, հետաքրքիր, արդյունավետ։ Այս ուսումնական պարապմունքներից յուրաքանչյուրը առանձին հոդվածի նյութ է, այնքան շատ են դիտարկումները։
Իսկ հիմա ուղղակի կարդացեք մեր ծնողների հոդվածները։

Սեբաստացի ծնող ուսուցչի օրագրից — Աննա Հարությունյան, Արևելյան դպրոց-պարտեզի ծնող
Տեսա, թե ինչպես է ձևավորվում տղայիս մտածողությունը — Հասմիկ Գրիգորյան — Միջին դպրոցի ծնող

Մեր մանկավարժությունը գնալով ավելի ու ավելի հետաքրիր է դառնում։ Կենդանի, բաբախող, զարգացող օրգանիզմ։ Լա՜վ է։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s