Խոհեր մեկամսյա փոխարինումից հետո

ւզում եմ խոսել կրթական հաստատություններում բացակայող ուսուցչին փոխարինումների մասին: Ուսուցիչները միշտ են այս խնդրի հետ առնչվում: Գրեթե անխուսափելի է, որ ուսումնական տարվա ընթացքում ինքդ կամ գործընկերներդ տարբեր պատճառներով չբացակայեք. հիվանդություն, չնախատեսված ուրախ կամ տխուր դեպք, կամ հենց պլանավորված արձակուրդ: Ընդ որում, մեր կրթահամալիրում ուսուցիչը հնրավորություն ունի իր օրինական արձակուրդը ժամանակային առումով տնօրինելու: Այսինքն՝ ուսուցչական ավանդաբար տրվող ամառային արձակուրդը կրթահամալիրում ուսուցիչը կարող է վերցնել նաև հատվածաբար՝ իրեն անհրաժեշտ ժամանակահատվածում, ոչ ամռանը: Քանի որ դա կարող է լինել ուսումնական պարապմունքների շրջանում, փոխարինումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջանում:

Ուսուցչի այսպիսի հնարավորություն տալը լա՞վ է, թե՞ վատ: Կարծում եմ, սա նախևառաջ մարդասիրական մոտեցում է, հատկապես որ  ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը այդ հնարավորությունը տալիս է: Այնտեղ՝ հոդված 78-ում, գրված է. ,,.Արձակուրդներ տրվում են ամեն ժամանակ ամբողջ տարվա ընթացքում: Արձակուրդներ տալու հերթականությունը սահմանում է ադմինիստրացիան, համաձայնեցնելով ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի հետ: Արձակուրդներ տալու հերթականությունը սահմանելիս հաշվի են առնվում բանվորների ու ծառայողների ցանկությունները և ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության նորմալ աշխատանքն ապահովելու շահերը,,: Այո՛, ըստ օրենսգրքի ծառայողի ցանկությունը նկատի է առնվում: Փոխարինումը ճիշտ կազմակերպելու դեպքում ուսումնական գործընթացն էլ չի տուժում: Մնում է ղեկավարության բարի կամքի արտահայտությունը: Իսկ կրթահամալիրում ապրումակցումը կարևորվում է, բարի կամքի դրսևորումը մեր մանկավարժական հավաքանու կարևոր հատկանիշներից է:

Հասկանալի է նաև , որ այսպիսի մոտեցումը կազմակերպչական նոր, երբեմն ոչ հեշտ խնդիրներ է առաջացնում: Այո՛, դա այդպես է, բայց ինչպես Նոր Կտակարանում է ասվում.՝ անցնենք նեղ ճանապարհով… Եվ մենք սիրով մի կողմ ենք թողնում կորուստ տանող լայն ճանապարհը:

Հիմա խոսեմ ընդհանրապես փոխարինումների դժվարությունների մասին: Այն մասին, որ ուսումնառության համար նախևառաջ յուրային-մտերմիկ դաշտ է պետք, բարիդրացիական հարաբերություններ, ուսուցիչ-սովորող ներքին կապ, իմ մի հոդվածում գրել եմ: Ես մնում եմ այն կարծիքին, որ առանց ապրումակցության, միայն պաշտոնական հարաբերություններով իրական ուսուցում չի կարող լինել. գոնե հանրակրթության մեջ դա հաստատ այդպես է: Եթե ուսումնառությունը ընդհանուր գործընթաց է, որի երկու կողմերում այդ գործընթացի երկու կարևոր միավորներն են՝ սովորողը և դասավանդողը, ինչպե՞ս է հնարավոր առանց համագործակցության: Իսկ համագործակցել, առանց միմյանց յուրայնացնելու, արդյունավետ չէ:

Գործընկերս մեկ ամսով արձակուրդ վերցրեց: Պետք է փոխարինեի նրան: Պլանավորված արձակուրդ էր. նախօրոք, մոտ երկու շաբաթ առաջ արդեն գիտեի և պատրաստվելու ժամանակ ունեի, բայց շատ անհանգիստ էի: Նորություն չէ, որ փոխարինող ուսուցչի նկատմամբ միշտ վերաբերմունքը այլ է լինում: Դասարանները, որտեղ պետք է փոխարինեի, ավագ դպրոցում էին: Կրտսեր դպրոցներում անհամեմատ հեշտ է: Կրտսեր տարիքի սովորողները առավել զգայական են, անմիջական, ջերմությանը հեշտ արձագանքող: Արագ կապվում են քեզ հետ՝ պատրաստ նետվելու գիրկդ, եթե այն բաց է: Պատանիների հետ այլ է. ավելի կասկածամիտ, օտար մարդուն չվստահող, ոմանք փորձում են ինքնահաստատվել, ոմանք ուղղակի խխունջի պես մտնում են իրենց պատյանի մեջ՝ թույլ չտալով մոտենալ իրենց: Այս ամենը իմ մանկավարժական փորձից գիտեի: Անհանգիստ էի, բայց մյուս կողմից էլ՝ հետաքրքիր էր, մանկավարժական խնդիր էր, որը լուծել էր պետք: Իմ մանկավարժական մոտեցումների մեջ չի մտնում սպառանալը՝ ո՛չ գնահատանիշով, ո՛չ որևէ այլ տարբերակով: Վախը անհամատեղելի եմ համարում մանկավարժության հետ, սա իմ համոզմունքն է: Ես, համենայնդեպս, փորձում եմ դա չգործածել:

Ինչևէ, մի ամբողջ ամիս պետք է աշխատեի ինձ համար բոլորովին անծանոթ սովորողների հետ: Պատանիների հետ խոսել առարկայի կարևորության, գիտելիքի անհրաժեշտության, նրանց պարտավորությունների մասին, անիմաստ է: Գուցե հարյուրից մեկի համար դա գործունեության համար խթան լինի: Բայց սովորողների ավելի մեծ տոկոս այդպիսի կոչերին անհաղորդ է մնում: Գնահատանիշի մասին խոսակցությունները, բարձր գնահատանիշի համար աշխատելը ոչ միայն իմ սրտով չեն, այլև արդյունավետ էլ չեն: Էլ չեմ ասում, որ մեր կրթահամալիրում գնահատանիշի կարևորությունը բավականին ցածր է: Եվ դա մեր մանկավարժական մոտեցումների արդյունքում է լինում, երբ սովորողը ավելի հաճախ իր նախընտրած նախագծով է աշխատում, և գնահատանիշը մղվում է երկրորդ պլան:

Հասավ փոխարինման շրջանը: Նախօրաք ուսումնական նյութերը պատրաստել էի, պատրաստվել էի, բայց գիտեի, որ դեռ այդ ուսումնական գործընթացին հասնել է պետք: Մտա դասարան: Հիմնականում սառը, անհաղորդ հայացքներ՝ ,,ի՞նչ ես ուզում մեզնից,, արտահայտությամբ: Կային սովորողներ, որ շարունակեցին իրենց գործը, կարծես ուսուցիչը դասարան չի մտել: Մի քանիսը շարունակում էին իրենց դասամիջոցային խոսակցությունը: Կարգապահ ու հետաքրքրասեր սովորողներ իհարկե կային, ովքեր ուշադիր ու լուռ հետևում էին ,,բարև ձեզ,,-ի շարունակությանը: Առաջ էսպիսի իրավիճակը ինձ կնյարդայնացներ: Հիվանդագին արժանապատվության զգացումը շատերիս է խանգարում սթափ դատել և հաճախակի տանում է չհիմնավորված պոռթկումների: Բղավելու, ճչալու, ընդհանրապես ձայն բարձրացնելու սովորություն չունեմ, բայց այսպիսի իրավիճակներում սովորաբար դասարանին ոտքի եմ կանգնեցնում, ցածր խիստ ձայնով հրահանգում լռել, սպասում եմ, մինչև քար լռություն է տիրում, ապա սկսում եմ ուսումնական պարապմունքը: Ի՞նչն է ստիպում սովորողներին հնազանդվել, չեմ կարող ասել: Դա ներքին, անբացատրելի ինչ-որ բան է, որին տրվում են սովորողները, և դա ես միշտ համարել եմ իմ մանկավարժական կարևոր առանձնահատկությունը:
Բայց տարիների ընթացքում փոխվում են նաև մանկավարժական սկզբունքները, աշխարհայացքային արմատական փոփոխություններ են լինում, և դրան համապատասխան առաջանում են նաև իրավիճակային այլ լուծումներ: Վաղուց սկսել եմ մտածել այն մասին, որ արդյո՞ք ճիշտ է, երբ ընդհանուր մոտեցում ենք ցուցաբերում ամբողջ դասարանի նկատմամբ: Չէ՞ որ կան սովորողներ, որոնք արժանի չեն մեր դիտողությանը: Գուցե կարողանում ենք հասնել մեր ուզած արդյունքին, բայց դա մանկավարժորեն ճի՞շտ մոտեցում է: Մի խոսքով՝ վերևում նկարագրած մեթոդը կիրառելու ցանկություն չունեի:

Իմ մանկավարժական փորձից գիտեմ, որ սովորողների հետ, այն էլ պատանի, կարելի է անկեղծանալ, քննարկել առաջացած խնդիրները: Իսկ ի՞նչն է հիմա ինձ խանգարում այս սովորողների հետ խոսել ստեղծված իրավիճակի, դժվարությունների և իմ անհանգստությունների մասին: Ես սովորաբար խնդիրների հետ կապված քննարկումներ անում եմ ի՛մ սովորողների հետ. նրանք յուրային են, ինձ ընդունում են, ես իրենց ուսուցիչն եմ: Իսկ այս սովորողները ինձ օտար են, մենք որևէ կապ երբևէ չենք ունեցել: Ես նույնիսկ նրանց անունները չգիտեմ: Կստացվի՞ անկեղծ զրույց: Չգիտեմ: Բայց դե ոչինչ, կարելի է փորձել, եթե չստացվի, իմ նախկին մեթոդը, որն այսօր ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ, կա ու կա:

Ցածրաձայն սկսեցի խոսել: Իմ փորձից գիտեմ, որ ցածր ձայնը ապահովում է դասարանում լռությունը: Սովորողները սովորաբար լռում են և կենտրոնանում, որպեսզի կարողանան լսեն քեզ: Սա ես առաջին անգամ տեսել եմ իմ գործընկեր Մարգարիտ Հարությունյանի մոտ, շատ տարիներ առաջ, երբ ինքս դեռ սկսնակ ուսուցիչ էի: Տեսել եմ, զարմացել, հիացել, և ինքս գործածել երկար տարիներ ամենատարբեր դասարաններում: Եվ հիմա հաստատ գիտեմ. այն ուսուցիչները, ովքեր դասարանն ուզում են ,,հավաքել,, բղավելով, ի սկզբանե դատապարտված են անհաջողության: Սովորողները սովորում են բարձր ձայնին, և ուսուցիչը ստիպված է լինում ձայնի տոնայնությունը գնալով բարձրացնել, արդյունքում՝ չունենալով ցանկալի լռությունը: Արդյունքում լինում են ջղային, գորգոռացող ուսուցիչ և անկառավարելի դասարան:

Այս անգամ էլ գործեց ցածր ձայնի ,,դյութանքը: ՙՙՍը՜սսս,,,- լռեցնում էին իրար սովորողները: Իսկ ես խոսում էի իմ անհանգստության, որպես փոխարինող՝ իմ ունեցած դժվարությունների, նրանց բարեհոգության կարևորության, արձակուրդ գնացած ուսուցչին, ով նաև իմ լավ գործընկերն է, վատ վիճակի մեջ չդնելու, անծանոթ մարդուն օգնելու, իրար խնայելու և այլ՝ դասի հետ, թվում է, կապ չունեցող բաների մասին:
Իմ բաց զրույցը բերեց նրան, որ պարզվեց, որ դասարանում կան սովորողներ, ում քույր-եղբայրներին, նաև հայրիկ-մայրիկներին դասավանդել էի: Սա միանգամից մթնոլորտը ջերմացրեց: Սովորողները ընտանիքից եկող դրական ազդակներ էին փոխանցում: Սառույցը հալվել էր: Մենք արդեն ունեինք ընդհանրություններ՝ ծանոթ և հարազատ մարդիկ, հուշեր մեզ համար երկուստեք սիրելի մարդկանց մասին, ովքեր կարևոր էին սովորողներից ոմանց համար, իսկ մյուսների համար՝ հետաքրքիր: Այ, էսպես սկսվեցին մեր ուսումնական պարապմունքները: Մնացածն արդեն հեշտ էր: Ի՞նչ քննարկել գրականությունից, որ հետաքրքիր լինի, քերականությունն ինչպե՞ս անցնել, որ սովորողները հայտնաբերման, ուսումնասիրության հաճոիյքը զգան, ո՞վ ի՞նչ նախագիծ անի, որ իրեն առավել հոգեհարազատ է…Եղա՞ն սովորողներ, որ այդպես էլ ուսումնական գործի մեջ առանձնապես ջանքեր չգործադրեցին: Իհարկե, ինչպես բոլոր դասարաններում, բոլոր ուսուցիչների մոտ և բոլոր ժամանակներում: Բայց կարևորը աշխատանքային մթնոլորտն էր, որ ապահովվեց:

Մեկամսյա իմ փոխարինումն ավարտվեց: Ես գոհ էի: Դժվար, բայց արդյունավետ աշխատանք էր, նախ՝ ինձ համար: Իրոք փորձություն էր, որից կարծես թե պատվով դուրս եկա: Եվ այդ մեկամսյա փոխարինումից հետո դպրոցում ունեմ ինձ սիրով բարևող սովորողներ, որոնց ես չեմ դասավանդում, ովքեր առաջ անցնում էին անտարբեր՝ իրենք իմ, ես իրենց կողքով:

Օրվա մեջ իմ և ինձ ուղված ժպիտները բազմապատկվեցին: Ամենամեծ ձեռքբերումն էր, որ ունեցա իմ մեկամսյա փոխարինումից հետո:

Оставьте комментарий