Կրթհամալիրը որպես մի հսկա լաբորատորիա

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը իր ստեղծման օրից գործել է որպես մանկավարժական-հետազոտական մի հսկա լաբորատորիա։ Կրթահամալիրը իր առաքելությամբ նոր մանկավարժություն ստեղծող, մշակող, տարածող հաստատություն է։ Որպես սկիզբ՝ այս գործի շուրջ հավաքվել է երիտասարդ մարդկանց մի խումբ՝ խանդավառ, ոգևորված և ոգևորող իր մանկավարժական գաղափարներով, իր գործուն, եռանդուն գործունեությամբ։

Հեղինակային մանկավարժությունը երկնքից ընկած ընծա չի եղել, որն ընկեր է մեր գիրկը։ Այն ստեղծվել, մշակվել, զարգացել է քայլ առ քայլ, բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, երբեմն ինքն իրեն գերազանցելով, երբեմն ինքն իրեն մերժելով, բայց երբեք չդադարեցնելով շարժումը, ստեղծարար աշխատանքը, անընդհատ նոր ճանապարհներ փնտրելը, նոր խնդիրներ առաջադրելը և լուծումներ գտնելը։ Սեբաստացի սովորողն այս ընթացքում միշտ եղել է շահող կողմ, որովհետև գտնվել է ստեղծող, իր մասնագիտությամբ հետաքրքրված, անընդհատ հետազոտող մանկավարժի կողքին։ Միշտ էլ որոշողը մթնոլորտն է լինում։ Միայն նվիրումով, պրպտող, քննարկող, ստեղծարար, կյանքով լեցուն, իրար օգնող ու միմյանց հաջողություններով ուրախացող, բարյացակամ միջավայրը կարող է արդյունք տալ։ Թրթռացող կյանքն է, որ կայնք է ստեղծում։ Եվ այդպիսի միջավայր է ստեղծել, միշտ այդպիսին եղել կրթահամալիրը՝ երեկ, այսօր, վստահ եմ, նաև վաղը։

Երեկվա մասին։ Տարիներ շարունակ կրթահամալիրում ստեղծվեցին ու փորձարկվեցին տասնյակներով ծրագրեր, դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ, ուսումնական ամենատարբեր նյութեր։ Իհարկե ստեղծականության ոգին ու շարժիչ ուժը կրթահամալիրի հիմնադիր տնօրենն էր՝ Աշոտ Բլեյանը։ Թիրախային խումբը դարձավ դասվարական հավաքանին։ Սեմինարների հետևողական շարք էր, որն իրականացնում էր անձամբ Աշոտ բլեյանը։ Այստեղ հիմք դրվեց ,,Իմացումի հրճվանք,, ծրագրին, որն այսօր առաջինից երրորդ դասարաններում գործող կայացած, ամբողջական ծրագիր է։ Սկզբնական փուլում առանձնացավ երիտասարդ, եռանդուն մանկավարժ-մասնագետների ոչ փոքր խումբ, որն ստեղծարար աշխատանքի գլուխ կանգնեց, համակարգեց այդ ծրագրաստեղծ աշխատանքը։ Բայց այն ծրագրերը, մեթոդական, ուսումնական նյութերը, որ ստեղծվեցին այդ մարդկանց ջանքերով, տարբեր քննարկումների, հավաքների, փորձարկումների արդյունք էին, որտեղ արդեն դժվար է ասել՝ ով ինչքան տվեց ու ինչքան վերցրեց։ Ստեղծված ծրագրերը, մեթոդական մշակումները, ուսումնական նյութերը փորձարկվեցին ուսուցչական տարբեր խմբերի կողմից, ամենատարբեր սովորողների հետ, հղկվեցին, մշակվեցին, փոփոխվեցին, և վերջում արդեն այդ ամենը դարձավ կրթհամալիրի հեղինակային մանկավարժությունը ներկայացնող մանկավարժական-ուսումնական ժառանգություն, որի հեղինակային իրավունքը արդեն մի անձի դժվար էր վերագրել։

Մենք միշտ բաց ենք եղել, և զարմանալի չէր, որ կրթահամալիրի ստեղծած, հեղինակած ուսումնական նյութերի, մոտեցումների, ուսումնական աշխատանքի տեսակների անհաջող կրկնօրինակներ հայտնվեցին այլլոց ստեղծած դասագրքերում։ Բայց քանի որ մեր մանկավարժությունը մի ամբողջական համակարգ էր՝ իր ծրագրերով, մեթոդներով, մոտեցումներով, ուսումնական նյութերով, դրանցից ինչ-որ բաներ վերցնելը, այլ մանկավարժությանը հարմարեցնել փորձելը ոչ մի օգուտ չէր կարող տալ պետական ոչ այլընտրանքային մանկավարժությանը։ Բայց ինչևէ, նույնիսկ այդ դեպքում, ես կարծում եմ, որ մեր հեղինակային մանկավարժությունը, շատն ու քիչը չեմ կարող ասելչ, բայց ստիպեց մարդկանց, նաև մանկավարժությամբ զբաղվող, մի քիչ այլ հայացքով, այլ տեսանկյունից նայել իրականությանը։ Կարծում եմ նաև այդ շրջանում մեր կրթահամալիր-լաբորատորիայում ստեղծվածը արդյունավետ-օգտակար եղավ նաև մանկավարժական առաջադեմ հայացքներ ունեցող մանկավարժների համար, քանի որ հանրապետության ուսուցիչներն էլ հնարավորություն ունեցան ինչ-որ ժամանակով գործածել դրանք։ Ամեն դեպքում, հիմա կան ուսուցիչներ, ովքեր սիրով ու արժևորելով են արտահայտվում մեր ստեղծած մանկավարժական-ուսումնական նյութերի մասին։

Այսօրվա մասին։ Կրթահամալիրն այսօր այլ հարթության վրա է գտնվում։ Մենք՝ կրթահամալիրի հնաբնակներս, շատ լավ ենք տեսնում հարթության փոփոխությունը, մեզ համար առավել տեսանելի է՝ որտեղից որտեղ ենք հասել։ Համացանցը, համակարգչային ու բլոգային ուսուցումը թռիչքային զարգացման հնարավորություն տվեցին։ Նախագծային ուսուցումը մեր հեղինակային մանկավարժությանը նոր շունչ տվեց։ Առանց այդ էլ մեր բաց մանկավաժությունը համակարգչային-բլոգային ուսուցումից հետո ամբողջովին թափանցիկ դարձավ։ Հեղինակային մանկավարժությունը դռները լայն բացած լաբորատորիա դարձավ ողջ հանրապետության համար, ինչու ոչ, նաև հանրապետությունից դուրս։ Նոր չափորոշիչների սկզբունքային փոփոխությունների գրեթե բոլոր թելերը կրթահամալիր են բերում։ Կրթահամալիրը իր բոլոր գործուն օղակներով բաց է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցչական խմբերի, մանկավարժ-անհատների համար։ Մեր մանկավարժական տարբեր խմբեր տարբեր նախագծերով լինում են հանրապետության ամենատարբեր կրթական հաստատություններում։ Երբևէ չի եղել որևէ հաստատության՝ մեզ հետ կապ հաստատելու նախաձեռնություն, որը մեր կողմից անպատասխան մնացած լինի։ Մենք զարգացող, գործուն, բաց, թափանցիկ, և ամենակարևորը, բարյացակամ, մանկավարժության զարգացմամբ շահագրգիռ ուսումնական հաստատություն ենք։ Մանկավարժական բաց լաբորատորիա ենք՝ պատրաստ համագործակցելու, միասնական նախագծերի, մեր հեղինակային մանկավարժության փոխանցմանը պատրաստ։

Վաղվա մասին։ Նոր մանկավարժությունը այլընտրանք չունի։ Մեր նոր սերունդը պարտադրելու է նոր հայացք, նոր մոտեցումներ, մանկավարժական նոր սկզբունքներ։ Օրեցօր փոխվող իրականությունը դաժան հաշվեհարդար է տեսնելու ժամանակավրեպ մոտեցումների հետ։ Այսօրվա բուհական համակարգի ակնառու ճգնաժամը ձեզ օրինակ։ Մեր հեղինակային մանկավարժությունը ավելի վստահ է նայում վաղվա օրվան։ Մեր՝ տարեցտարի ավելացող սեբաստացիների քանակը խոսում է ոչ միայն ամեր այսօրվա, նաև վաղվա մասին։ Ծնողների ավելի ու ավելի մեծ քանակ է նախապատվությունը տալիս մեր՝ պետական այլընտրանքային մանկավարժությանը։ Մեր երիտասարդացող ուսուցչական կազմը զարգացնելու է մեր հեղինակային մանկավարժությունը՝ նոր ծրագրերով, նոր նախգծերով, նոր խնդիրներ և նոր լուծումներ է առաջադրելու։ Մեր մանկավարժության արդյունքում մեր սովորողներն ավելի ու ավելի նախաձեռնող, ինքնավար են դառնալու։ Այն, որ չափորոշիչներում ներառված են մեր մանկավարժական հիմանարար սկզբունքները, դեռ չի նշանակում, որ պետական հանրակրթական դպրոցները միանգամից վերափոխվելու են, դառնալու են նոր մանկավարժության կրող։ Կրթահամալիրը իր տարիների փորձով շատ բան ունի փոխանցելու իր մանկավարժ գործընկերներին։ Կրթահամալիրը կարող է իր տարիների փորձն ու հմտությունները փոխանցել։ Նա ունի այդ ներուժը, և կա դրա անհրաժեշտությունը։

Оставьте комментарий