Ով աչք ունի, կտեսնի, ով ականջ ունի, կլսի․․․

Մեր հեղինակային ծրագրի տարածումը, հանրությանը ներկայացնելը մեր կրթական առաքելությունների, հանձն առած պարտավորությունների կարևոր կետերից է։ Դժվար է ասել, թե մեր գործունեությունների արդյունքում ինչ չափով, ինչպես է տարածվում մեր մանկավարժությունը։ Տարիներ շարունակ տարբեր նախագծերի շրջանում հյուրընկալել, ընդունել ենք մանկավարժական ամենատարբեր խմբեր՝ նախօրոք մանրամասն մշակված ծրագրով ներկայացնելով մեր մանկավարժական օղակները՝ նախակրթարանից մինչև քոլեջ։ Որ խումբը, խմբի որ անդամը որքա՞ն է վերցրել, որքա՞ն է յուրացրել, որքա՞ն է տարել իր մանկավարժություն, դժվար է ասել։

Հիմա ներկայացնեմ մեր մանկավարժության ներկայացման, հանրայնացման մի այլ փորձի մասին, որը կրթահամալիրում կիրառվեց այս՝ 2023թ․-ին։ Որոշվեց, որ այս անգամ ներկայանում ենք ըստ բնագավառների՝ ցույց տալով յուրաքանչյուր բնագավառում մեր հեղինակայինը, մեր ձեռքբերումները։ Ես հիմա պատմեմ ,,Հայոց լեզու, գրականություն,, բնագավառի ներկայացման մասին, որը ես էի համակարգում՝ որպես այդ բնագավառի մասնախմբի ղեկավար։ Հայտարարությունը որքան հնարավոր է տարածվեց, հրավեր-նամակներ ուղարկվեցին ամենատարբեր մանկավարժական հաստատություններ, անհատական հրավերներ ուղարկեցինք մեր այս տարիներին ձեռք բերած մանկավարժ-գործընկերներին․․․ Այսպիսի մանկավարժական հավաքները մեզ համար նորություն չեն։ Սրանք մեր մանկավարժական գործունեության բաղկացուցիչն են։ Մենք մեր հեղինակային մանկավարժությունը հանրային ուշադրությանն ենք ներկայացնում մեր աշնանային, մայիսյան հավաքներին․ կրթահամալիրյան տարբեր նախագծերի արդյունքների ներկայացման ընթացքում։ Բայց ինչպես մեր տարիների փորձն է ցույց տալիս, արձագանքները մեր ջանքերին համապատասխան չեն լինում։ Եթե մեր կրթության, գիտության պետական մարմինները չեն արձագանքում, եթե նրանց չի հետաքրքրում՝ ինչ է կատարվում հանրապետությունում գուցեև եզակի կրթական հաստատությունում, ինչ ակնկալիք ունենաս մյուս կրթական հաստատություններից։ Այսպիսին է մեր կրթական համակարգի վիճակն ակսօր, այսպիսին է եղել երեկ, թե վաղն ինչպիսի՞ն կլինի, կարելի է ենթադրել՝ ելնելով այսօրվա վիճակից: Բայց իհարկե մանկավարժությամբ հետաքրքրվողներ, մանկավարժությամբ իրապես զբաղվող անհատներ միշտ եղել են և կլինեն։
Ինչպես սպասվում էր, հյուրերի քանակը մեծ չէր։ Այս անգամ հյուրընկալեցինք 184 ավագ դպրոցի մի հետաքրքիր խումբ․ իրենց տնօրենի՝ Տաթիկ Մելքոնյանի հետ կրթահամալիր էին եկել մայրենիի ուսուցիչներ, հումանիտար հոսքի սովորողների մի մեծ խումբ։ Ինձ համար հյուրերի քանակը բոլորովին կարևոր չէ։ Ամենակարևորն այն է, որ գան մարդիկ, ում իսկապես հետաքրքում է մանկավարժությունը։ Իսկ այս խումբն այդպիսին էր։ Խմբում էին նաև մեր կրթահամալիրում պարտադիր ատեստավորում անցած դասավանդողներ, ովքեր արդեն ծանոթ էին մեր հեղինակային մանկավրությանը: Ատեստավորման դասընթացների ժամանակ էլ մայրենիի այս ուսուցիչներն առանձնանում էին մեր՝ հեղինակային մանկավարժության նկատմամբ իրենց հետաքրքրությամբ, տարաբնույթ հարցեր էին տալիս, իրենք էին իրենց արածը ներկայացնում: Եվ ակնհայտ էր, որ ընդունակ, սըեղծական մարդկանց հետ գործ ունենք: Հիմա էլ իրենց նախաձեռնությամբ մասնակցում էին հավաքին՝ տեսնելու մեր մանկավարժությունը ուսումնական գործունեության մեջ։
Ծրագրիը սկսվում էր Սուրբ Երրորդություն եկեղեցու ուսումնական ժամերգությունից։ Ներկայացրինք, որ այս ժամերգությունն ամեն ուրբաթ է իրականացվում՝ սովորողների և ուսուցիչների տարբեր խմբերի կողմից։ Եկեղեցում սովորողների և ուսուցիչների խմբերը երգում են շարականներ, կարդում հոգևոր հատվածներ, աղոթում։ 15 րոպե տևող ուսումնական ժամերգությանը սովորողներն ու ուսուցիչները պատրաստվում են ամբողջ շաբաթվա ընթացքում։ Սա գրաբարի իրական ուսուցում է, մեր հոգևոր մշակույթի հետ շփման լավագույն ձևերից մեկը։Մենք գրաբարին որպես մեռած լեզու չենք մոտենում: Այն ուսուցանվում է գործնականում՝ որպես շարականների, եկեղեցական ծեսերի լեզու, և կենդանություն ստանում եկեղեցում՝ ուսումնական ժամերգության մասնակիցների շարականների միասնական ընթերցանության և երգեցողության միջոցով:
Ուսումնական ժամերգությունից հետո քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց, որտեղ պատրաստվում էինք ներկայացնել մեր մայրենիի հեղինակային ծրագրի բովանդակությունը։ Հյուրերին ուղեկցում էին նաև սեբաստացի 12-րդ դասարանցիներ, ովքեր էլ պատրաստվում էին ներկայացնել ծրագիրը։
Սեբաստացի սովորողների ներկայացման մասին։

Մեր սովորողների ազատ, անկաշկանդ խոսքը, հարցերին պատասխանելու ճկունությունը, շփման անկաշկանդությունը, համակարգչային ծրագրերն ազատ տիրապետելը և դա ներկայացման ընթացքում ազատորեն օգտագործելը մեծ տպավորություն թողեց ներկա հյուրերի վրա՝ ընդ որում և՛ դասավանդողների, և՛ սովորողների։ Սովորողները հումանիտար հոսքից էին, երևում էր, որ կիրթ, զարգացած, կարդացած մարդիկ էին։
Բայց իրենց իսկ խոստովանությամբ իրենք այդքան ազատ, անկաշկանդ չեն, հասարկության առջև ներկայանալուց խուսափում են, քանի որ կաշկանդվում են, մարդկանց հետ շփվելու խնդիր ունեն։
Բայց այս ամենը մի օրում, նույնիսկ մի քանի տարում ձեռք բերվող բան չէ; Այսպիսի արդյունքը նույնիսկ ժամանակի խնդիր էլ չէ։ Սա մի ամբողջ, համակողմանի, հետևողական մանկավարժության արդյունք է։ մանկավարժություն, որը ազատ, անկաշկանդ, բազմակողմանի զարգանալու հնարավորություն է տալիս, երբ ուսումնառության հենց սկզբից սովորողը սխալվելու իրավունք է ունենում, հնարավորություն է ունենում ազատ իր միտքը, կարծիքը հայտնելու, չի վախենում այլակարծությունից։
Մյուս բանը, որ զարմացրեց մեր հյուրերին, մեր սովորողների հանգստությունն էր, դասամիջոցներին դպրոցում տիրող անաղմուկ, խաղաղ մթնոլորտը։ Զարմացած էին, ո՞րն է այս հանգստության գաղտնիքը։ Կա սրա պատասխանը․ դա մեր հեղինակային մանկավարժության ձեռքբերումներից է՝ ազատության և և ինքնակազմակերպման արդյունքն է։ Մենք միջանցքներում հերթապահ սովորողներ և դասավանդողներ չունենք։ Բայց մեր սովորողները չեն վազում, դասարաններից աղմուկով դուրս չեն նետվում, որովհետև չունենք ազատություն ազդարարող զանգ, որը հոգեբանորեն գուցե դուրս նետվելու հրահանգ է տալիս։ Դեպի բակ տանող դռները շատ են և բաց, իրար հրմշտելով դուրս գալու կարիք չկա։ Իսկ մանկավարժության մեջ մանրուքներ չեն լինում։ Այս ու նման մանրուք թվացող բաների արդյունքում է ստեղծվում այլ մթնոլորտ՝ առանց լարումների, խաղաղ, հանգիստ։

Ինձ մանկավարժական հետաքրքիր էր նաև,թե ինչպես կպատրաստվեն 12֊րդ դասարանի աովորողները այդ պատասխանատու օրվան։ Ի վերջո հեշտ բան չէր հեղինակային ծրագրի ամբողջական բաղկացուցիչ ներկայացնել, այս դեպքում` մայրենին կրթահամալիրում։ Ինձ համար էլ լուրջ խնդիր առաջացավ` ինչպես համակարգել աշխատանքը, որ սովորողները ինքնուրույնություն մտածոլու, նախաձեռնելու, աշխատելու հնարավորությունից չզրկվեն։ Ամբողջը դարձավ նախագիծ` իր բոլոր բաղկացուցիչներով։ Ինչպես յուրաքանչյուր նախագիծ, այս նախագիծն էլ սկսվեց քննարկման փուլով։ Առաջարկություններ, հիմնավորումներով, տարբեր մոտեցումներ, հետաքրքիր գաղափարների տարափ… Մոտ մի շաբաթվա քննարկումներից հետո նախագիծն ամբողջացավ։ Աշխատանքի բաժանումը հետո խմբերն սկսեցին աշխատել։ Այս նախագծի կազմման ընթացքն ինքնին արդյունավետ էր ու հետաքրքիր։

Հիանում էի սովորողների գաղափարների թարմությամբ, համակարգչային ծրագրերի իմացությամբ, համարձակությամբ։ Նյութը հավաքվեց, տեղադրեցին սալիկաշարի մեջ, գրեցին, մշակեցին իրենց բանավոր խոսքը։ Ներկայացնում էին իրենց ուսանած մայրենին. բավականին մանրամասնորեն հիշեցին կրտսեր դպրոցից, ոմանք նաև նախակրթարանից մինչև ավագ դպրոցի ավարտական դասարան իրենց անցած ուղին։ Ինձ համար` որպես նրանց հետ արդեն 7 տարի աշխատած ուսուցչի, հաճելի էր փաստել, որ ինքնուրույն, նախաձեռնող, ինքնավստահ սովորողներ ունենք։Այդ հաջողությունն ինձ վերագրելուց հեռու էի։ Դա մեր հեղինակայնի կրթական ծրագրի արդյունքն է, մեր ստեղծած միջավայրի ու մեր մանկավարժական մոտեցումների։

Ամեն ինչ անցավ ըստ ծրագրի։ Սալիկաշարն օգտագործելով որպես օգնող միջոց` Սեբաստացի սովորողները ազատ ու կենդանի խոսքով ներկայացրին հեղինակային ծրագրի մայրենի խոսքի բաղկացուցիչը։ Այդ ազատ, անկաշկանդ, տրամաբանական խոսքն էր, որ զարմացրել էր մեր հյուրերն։

Հաջորդը մեր բաց պարապմունքներն էին, որի ընթացքում արդեն մեր հյուրերը եղան տարբեր դասարաններում։ Կրթահամալիրում Սիրադեղյանական օրեր էին, տարբեր դասարաններում տարբեր նախագծեր էին ամփոփվում։ Մի տեղում Վանո Սիրադեղյանի պատմվածքների քննարկում էր, մյուս տեղում՝ ինքնակրթության նախագծեր։ Հնչում էին սեբաստացի սովորողների ամենատարբեր կարծիքներ, երբեմն նաև իրարամերժ։ Բոլորն էլ փորձում էին իրենց կարծիքը հիմնավորել,սովորողներն իրենց բանավիճելու հմտություններն էին ցույց տալիս։ Լսում էին մեր հյուրերը, գնահատում սովորողների ինքնուրույն միտքն ու խոսքը, հետաքրքությունների բազմազանությունը, որը երևում էր, մեր սեբաստացի սովորողներն ինքնակրթության նախագծերն էին  ներկայացնում։

,,Հայոց լեզու, գրականություն,, բնագավառը նախևառաջ ստուգատես էր ինձ համար։ Լավ է, երբ կողքից, մյուսների աչքերով ես նայում այն գործին, որին դու և հեղինակային մանկավարժության քո հեղինակ-գործընկերները մի ամբողջ կյանք եք նվիրել և հիմա էլ շարունակում եք ձեր կյանքի գործը։

Оставьте комментарий